10 հունվարի 2010 - 16:49 AMT
Le Figaro. «Թուրքիայի իշխանությունը երկրի կայսերական անցյալի կարոտախտով է տառապում»


Ֆրանսիական Ֆիգարո թերթը հոդված է տպագրել, որով վստահեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին երկրի կայսերական անցյալի կարոտախտով են տառապում, գրում է Հուրիեթը:

Հոդվածի հեղինակ Լոր Մարշան հատուկ ընդգծել է, որ Թուրքիայում գնալով ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում այն ամենը, ինչ կապված է երկրի օսմանյան անցյալի հետ: «Օսմանյան խանգարվածության» նկատելի օրինակ է այն, որ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ բացված 1453 թ. թուրքերի կողմից Կոնստանդնուպոլսի գրավմանը նվիրված թանգարան այցելողների հոսքը ավելի ու ավելի շատանում է:

Մարշանի կարծիքով, «մահմեդական բուրժուազիան», որն ուժեղացել էր Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության գալով, երկրորդ պլան է մղել բարձրաշխարհիկ էլիտային` քեմալիզմի ավանդական գաղափարախոսության կրողներին: Միեւնույն ժամանակ, արտաքին քաղաքականության մեջ, որը հոդվածի հեղինակն անվանում է «նեոօսմանիզմ», ավելի հստակորեն են կայսերական հայտագրեր փնտրում:

Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաֆանտաստիկ գեղարվեստական «Օսմանյան հանրապետություն» ֆիլմի հանդեպ, որը պատմում է դեռեւս օսմանյան սուլթանի իշխանության ներքո գտնվող Թուրքիայի մասին: Երիտասարդների շրջանում ընդունված է ենիչերիների պատկերներով եւ «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» վերտառությամբ վերնաշապիկները: Անցյալը քաղքենիական պատկերացումներում ներկայանում է որպես Pax Ottoman -ի «ոսկե դար», երբ Միջերկրական ծովում իշխում էր խաղաղությունը, հանգստությունը, ծաղկունքն ու կրոնի հանդուրժողականությունը: «Եվ այդպիսի տրամադրությունները նպաստում են, որպեսզի Եվրոպան չընդունի Թուրքիային եվրոպական հասարակության մեջ», - գտնում է Լոր Մարշան: