10 հունվարի 2010 - 19:08 AMT
Զոյա Թադեւոսյան. «Թիվ 10/19 ընտրատեղամասի նախագահը խանգարել է քվեարկության ընթացքը»
Խ.Դաշտենցի անվ. թիվ 114 դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասում դադարեցված քվեարկությունը վերականգնվել է: Այն դադարեցվել էր ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի եւ լրագրողների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով: Քվեարկությանը զուգընթաց միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որին մասնակցում են նաեւ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները:

Պատասխանելով PanARMENIAN.Net -ի լրագրողի այն հարցին, թե ընտրական հանձնաժողովի նախագահն ունի արդյոք իրավունք իր մոտ պահելու ընտրացուցակները ընտրությունների ընթացքում, ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բաղչագուլյանը ասել է, որ «հանձնաժողովի անդամներից ոչ ոք իրավունք չունի նմանօրինակ գործողություն կատարելու» եւ ՀՀ Ընտրական օրենսդրությամբ նախատեսված չէ նման բան: «Բայց եթե իրավիճակն անվերահսկելի է դառնում, ապա հանձնաժողովի անդամը ընտրացուցակները փրկելու համար կարող է այդպիսի քայլ կատարել: Սակայն ես չեմ կարող ասել` արդյոք տեղի ունեցածն այդպիսի դեպք է, թե ոչ, քանի որ ներկա չեմ եղել», - ասել է ԿԸՀ քարտուղարը:

Նա նաեւ նշել է, որ եթե հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք նկատել են խախտումներ, ապա այդ փաստերի առնչությամբ կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ ԿԸՀ մեկ այլ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն իր հերթին մեղադրել է այդ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանին այն բանում, որ նա բախումնային իրավիճակ է ստեղծել` ընտրությունների ընթացքը խանգարելու համար:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, որ ներկա էր միջադեպին, լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ խախտումների մասին արդեն համապատասխան արձանագրություն է կազմվել: Նրա խոսքերի համաձայն, մեղավորներին պատժելու համար անպայման իրենք դիմելու են ՀՀ գլխավոր դատախազություն: