11 հունվարի 2010 - 13:24 AMT
Նախիջեւանում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել


Ադրբեջանական Բենանիյար գյուղում, որը գտնվում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում, հունվարի սկզբում անցել են զանգվածային ձերբակալություններ, ոմանք ծեծի են ենթարկվել ուժային կառույցների աշխատակիցների կողմից:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, իրավիճակը գյուղում սրվել է դեկտեմբերի վերջում, երբ ձերբակալվեցին ավագանու շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ (չի ասվում, թե ինչում են նրանց մեղադրում): Ձերբակալվածները, ըստ չհաստատված տեղեկատվության, կտտանքների են ենթարկվել: Նրանցից մեկի որդին, հանդես գալով ոստիկանության գործողությունների դեմ, ինքնահրկիզում է կատարել: Դա գյուղում «բողոքի տարերային ակցիա է» հրահրել գյուղում, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Հունվարի 5-ին Բենանիյար են տեղափոխվել ներքին զորքերի զինծառայողներ եւ ոստիկանության լրացուցիչ ուժեր: Գյուղը շրջապատվել է, տղամարդիկ ձերբակալվել են:

Ըստ ձերբակալվածներից մեկի կնոջ` Սուդարա Նուրիեւայի, ոստիկանության կողմից ծեծի են ենթարկվել նաեւ կանայք: Նա նաեւ պատմել է, որ տեղաբնակներին արգելվել է լքել գյուղը:

Մինչդեռ ինքնավարության ՆԳՆ քարտուղարությունում պնդում են, որ ձերբակալություններ գյուղում չեն եղել:

Իր հերթին, Բաքվում Նախիջեւանի մշտական ներկայացուցչությունում խոստովանել են, որ ուժային կառույցների աշխատակիցների եւ տեղաբնակների միջեւ բախում է եղել: Ըստ ներկայացուցչության, մի խումբ անձիք, շահադիտական նպատակներով, հրահրել են գյուղի մի բնակչի դիմել ինքնահրկիզման, իսկ հետո հարձակվել է ոստիկանության վրա: Այդ մարդիկ ձերբակալվել են:

Ինչպես ասվում է, առաջիկայում Բենանիյար կայցելեն իրավապաշտպաններ, տեղում իրավիճակը պարզելու նպատակով: