11 հունվարի 2010 - 15:39 AMT
Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Երեւան խորհրդանշական նշանակություն ունի


Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան հենց այն օրերին, երբ Մոսկվան պատրաստվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին, խորհրդանշական նշանակություն ունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության Ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

«Սերգեյ Լավրովի այցով պաշտոնական Մոսկվան ցանկանում է ցույց տալ Երեւանին, որ քննարկելով հարցերն Անկարայի հետ, ռուսական կողմը խորհրդակցում է Հայաստանի հետ: Այդ տեսակետից ՌԴ ԱԳ նախարարի առաջիկա այցը պատահականություն չէ»,- ասաց արեւելագետը` ավելացնելով, որ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում:

Հունվարի 13-ին Սերգեյ Լավրովը կժամանի Երեւան: Այցի շրջանակներում ծրագրված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Դրանից մեկ օր առաջ Մոսկվա կժամանի Թուրքիայի վարչապետը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ ծրագրվում է կարծիքների փոխանակություն տարածաշրջանային հարցերի ու տնտեսական խնդիրների վերաբերյալ:

Մոսկվայում բանակցությունների ժամանակ անդրադարձ կկատարվի նաեւ քաղաքական հարցերին, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության լուծումը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը: