12 հունվարի 2010 - 17:49 AMT
ՀՅԴ-ն Արձանագրությունների դեմ պայքարը տեղափոխում է երկրի խորհրդարան


Կարեւոր է այն, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանն իր վճռում հաշվի առավ բոլոր այն մտավախությունները, որոնք ավելի վաղ հնչեցվել էին ՀՅ Դաշնակցության կողմից, ինչպես նաեւ հաշվի առավ այն իրավաբանական եզրակացությունները, որոնք ներկայացրեց ՀՅԴ-ն: Այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի ՀՅ Դաշնակցություն կուսակցության Բարձրագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, ՀՀ ՍԴ որոշումն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, մարտավարական քաղաքական քայլ էր: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող էր այդ փաստը մեր դեմ օգտագործել»,- նշեց Ռուստամյանը` ավելացնելով, որ նման իրադրությունից խուսափելու համար չարժեր այդքան շուտ դիտարկել Արձանագրությունները ՀՀ ՍԴ-ում:

Նա նկատեց նաեւ, որ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարել Արձանագրությունների վավերացման դեմ: «Այժմ մեր պայքարի դաշտը խորհրդարանն է: Եթե Արձանագրությունները վավերացվեն, ապա միայն ՀՀ Ազգային ժողովի համապատասխան վերապահումով»,- ասաց Ռուստամյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի Ազգային ժողովն իրավունք ունի վերապահումներ կատարել, քանի որ ՀՀ ԱԺ մասին օրենքում դա նախատեսված չի, Ռուստամյանն ասաց. «Մենք դեռեւս ժամանակ ունենք եւ կկարողանանք համապատասխան փոփոխություններ կատարել օրենքների մեջ, որպեսզի Հայաստանի խորհրդարանը վերապահումների իրավունք ունենա»: Նրա խոսքով, հակառակ դեպքում Հայաստանի նախագահը պետք է ինքը համապատասխան վերապահումներ կատարի եւ վավերացման գործընթացում դրանք կցի Արձանագրություններին: