12 հունվարի 2010 - 18:18 AMT
Լեւոն Մալխասյան. Յուրաքանչյուր հանդիպում Գեորգի Գարանյանի հետ տոն էր


«Իմ ծանոթությունը Գեորգի Գարանյանի հետ տեղի ունեցավ 1960-ականներին Կոմպոզիտորների միությունում, որտեղ նա հիանալի համերգ տվեց Ստեփան Շաքարյանի հետ: Այն ժամանակ նա ինձ վրա փայլուն սաքսոֆոնահարի տպավորություն թողեց: Հետագայում մենք ավելի հազվադեպ ենք հանդիպել, սակայն յուրաքանչյուր հանդիպում Գեորգի Գարանյանի հետ տոն էր»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել հայտնի ջազ-դաշնակահար Լեւոն Մալխասյանը:

«Մենք հանդիպել ենք նրա հետ Իսրայելում տեղի ունեցած փառատոնին, նաեւ Սոչիում, ուր նա ժամանել էր Կրասնոդարի բիգ-բենդի հետ, որը նա ղեկավարում էր: Սակայն ես եւս մեկ հանդիպում եմ հիշում: Մեզ հրավիրեցին Յուգորսկ քաղաքում ընթացող փառատոնի փակմանը: Գեորգի Գարանյանը ժյուրիի կազմում էր եւ երբ մենք բեմ դուրս եկանք, նա դուրս եկավ մեզ մոտ եւ հայտարարեց. «Ես առաջին անգամ կնվագակցեմ իմ հայրենակիցներին»: Նա վերցրեց սաքսոֆոնն ու մի քանի ջազային պիեսներ նվագեց մեզ հետ»,-պատմում է Լեւոն Մալխասյանը:

«Մեր վերջին հանդիպումը տեղի ունեցավ արդեն Երեւանում, հայկական ջազի 70-ամյակին նվիրված համերգաշարի շրջանակներում: Ես, որպես «Հայկական ջազ-70« հոբելյանական տարվա կազմկոմիտեի նախագահ հրավիրեցի Երեւան Գեորգի Գարանյանին եւ Ալեքսանդր Զաքարյանին: Նրանք մեծ համերգ տվեցին Երեւանի ֆիլհարմոնիայի Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում: Դրանից հետո նա երկու օր ջեմ-սեյշն նվագեց հայ երաժիշտների հետ «Մալխաս» ակումբում: Եվ դա ոչ միայն համերգ էր, այլ նաեւ գերազանց վարպետության դաս հայ ջազմենների համար: Նրա ժառանգության մասին ջազում դժվար է խոսել, սակայն նա միանշանակ ռուսական ջազի առաջատարն էր եւ չդավաճանեց իր երաժշտական ուղղվածությանը»,-ասել է Մալխասյանը: