13 հունվարի 2010 - 14:45 AMT
Հայերի ջարդերը Բաքվում նախապես ծրագրված էին


«1988-ի փետրվարին Սումգաիթում ադրբեջանցիների սանձազերծած վայրագ իրադարձություններից ու հայերի ջարդերից հետո, մենք չէինք կարծում, որ նման բան կարող է կրկնվել 1,5-միլիոնանոց Բաքվում, որտեղ 200 000 հայ էր բնակվում»,-ասել է ջադերից փրկված Էլեոնորա Ավանեսովան Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, մինչ Բաքվի ջարդերը, Ադրբեջանում միշտ, յուրաքանչյուր մակարդակում ոտնահարվում էին հայերի իրավունքները: «Օրինակ, գիտական ինստիտուտում , որտեղ ես աշխատում էի, իմ հոդվածներս տպագրվում էին մեկ այլ գիտնականի անվան տակ, իսկ իմ անունը, լավագույն դեպքում, գրվում էր որպես հեղինակի օգնական»,-ասել է նա:

Ավանեսովան նշել է նաեւ, որ Բաքվում հայերի ջարդերի ադրբեջանական ավազակախմբերը գործում էին չափազանց կազմակերպված, նրանք ունեին հայերի բնակարանների հասցեների ցուցակը: «Դա ապացուցում է, որ ամեն ինչ նախապես եւ լավ կազմակերպված էր»,-ասել է Ավանեսովան:

Իր հերթին Բաքվի ողբերգական իրադարձությունների մեկ այլ ականատես Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ ադրբեջանցիների հարձակումները հայերի վրա հիմնականում սկսվեցին այն բանից հետո, երբ 1988թ. Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհուրդը որոշում կայացրեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին: «Հայերի ջարդերը Բաքվում գագաթնակետին հասան 1990թ. հունվարի 13-ին եւ տեւեցին մոտ մեկ շաբաթ»,-ասել է նա:

Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով այն ժամանակ Բաքվում 56 հայ զոհվեց, իսկ որոշ հայ փորձագետների տվյալներով 1990 հունվարին Բաքվում 270 հայ սպանվեց: Նա հավելեց նաեւ, որ ըստ այլ տվյալների, զոհերի քանակը հասնում է 1000-ի:

Ըստ նրա, այն, ինչ կատարվեց Ադրբեջանում 1980-ականների վերջում հայերի հանդեպ, կարելի է Ցեղասպանություն համարել: «Դա հայերի զանգվածային ոչնչացում էր, ազգային զտում Ադրբեջանի ողջ տարածքում, ինչը համապատասխանում է ցեղասպանություն սահմանմանը»,-ասել է նա: