6 փետրվարի 2002 - 22:31 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է «ՆԵՐԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ` ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որը ուսումնասիրում է ՀՀ կառավարության գործունեությունը հեռահաղորդակցության ոլորտում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշ մանրամասներ է հրապարակել, կառավարության եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ տեղի ունեցած բանակցություններից: Նրա խոսքերով, ներքաղաքային հեռախոսազանգերի համար րոպեավճար կիրառելու հարցից բացի, բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ կառավարության առջեւ «ԱրմենՏել» ընկերության կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունների եւ հեռահաղորդակցության ոլորտում ընձենած ծառայությունների համար կառավարության պարտքերի վերաբերյալ հարցերը: Հարությունյանը հաղորդել է, որ Հայաստանի կառավարության պարտքը «ԱրմենՏելին» կազմում է երկու միլիարդ 250 միլիոն դրամ, սակայն «ԱրմենՏել» ընկերությունը համաձայնվել է «ներել» կառավարության, մինչեւ 1998 թվականի մարտը կուտակված,բոլոր պարտքերը: Հայաստանի կառավարությունը, նախարարի խոսքերով, համաձայնվել է կրճատել «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունները 35 միլիոն դոլարով: Նախարարը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում «ԱրմենՏելը» պարտավորվել է մոտ ժամանակներս լուծել երկրի 800 գյուղերի ավտոմատ հեռախոսային կայանները կապի թվային ֆորմատին տեղափոխելու հարցը եւ մինչեւ ընթացիկ տարվա մարտ ամիսը կառավարությանը ներկայացնել նոր ներդրումային ծրագիր: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, մեկնաբանելով կառավարության եւ «ԱրմենՏել» ընկերության բանակցությունների արդյունքները, կարծիք է հայտնել, որ անվճար խոսակցության ժամանակի ավելացումը 120-ից մինչեւ 360 րոպե, այնքան էլ մեծ ձեռքբերում չէ: Փաստը մնում է փաստ,-ընդգծել է Մանուկյանը, որ հեռահաղորդակցության ոլորտի վիճակը Հայաստանում, համաշխարհային չափանիշներին մոտենալու փոխարեն, տարեց տարի վատանում է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: