14 հունվարի 2010 - 15:01 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հակամարտությունը չի ճահճացել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկա կա եւ ճահճացում չի նկատվում: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2009-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով 6 երկկողմանի ու 3 եռակողմ հանդիպումներ կայացան: Հանդիպումների քանակն արդեն խոսում է ղարաբաղյան կարգավորման դրական դինամիկայի մասին»,- հայտնեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ձեռք բերված հայտարարությունների եւ պայմամավորվածությունների մասին, մասնավորապես ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում Աթենքում կատարված հայտարարության մասին, որում ասվում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու անհրաժեշտության մասին` Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ այդ հայտարարության տակ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը:

«Հայաստանը միշտ էլ հանդես եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմից: Մենք այդ մասին միշտ ասել ենք ու երբեք հանդես չենք եկել սպառնալիքներով եւ ուժի կիրառման մասին հայտարարություններով»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հանդիպումները կշարունակվեն, եթե կողմերը կարողանան պահպանել 2009 թվականի դինամիկան, ինչը կողմերին կօգնի առավել մոտենալ հակամարտության կարգավորմանը:

2009թ. դեկտեմբերի 2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` Սերգեյ Լավրովի, Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի համատեղ հայտարարությունը:

Ինչպես ասվում է Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարության մեջ, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կողմերին կոչ են անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում են նրանց հանձնառությանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: «Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»,-ընդգծվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:

ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողովի հրավիրման մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի հաղորդակցական խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպառակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանությանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերն էլ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է նաեւ ներկայումս:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):