14 հունվարի 2010 - 18:51 AMT
Հունվարի 18-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային ացով կմեկնի Մոսկվա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ինչպես հայտնեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ՌԴ մայրաքաղաքում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները կշարունակեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կքննարկեն երկու ռազմավարական դաշնակից երկրների միջեւ փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությունները` Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ մոսկովյան այցի շրջանակներում հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը:

«Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ եւ Հայաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական ջանքերով նման ձեւաչափով` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախկինում երկու հանդիպում տեղի ունեցել է»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Նախագահի մամլո քարտուղարի խոսքով, քանի դեռ հակամարտությունն իր խաղաղ հանգուցալուծումը չի ստացել, բնական է, որ կարող են են տեղի ունենալ ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին, այնպես էլ այլ ձեւաչափով նոր հանդիպումներ եւ դրանում արտասովոր ոչինչ չկա:

Սամվել Ֆարմանյանը հերքեց հաղորդագրություններն այն մասին, որ պաշտոնական Երեւանին ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նորացված Մադրիդյան սկզբունքները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:

ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողովի հրավիրման մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի հաղորդակցական խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպառակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանությանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերն էլ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է նաեւ ներկայումս:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):

«Մադրիդյան սկզբունքները» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն: