Հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան կարգավորումը տարբեր գործընթացներ են

PanARMENIAN.Net - «Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա եւ Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Երեւան հաստատեցին այն փաստը, որ հայ-թուրքական մերձեցումը ոչ մի կերպ կապված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Շարմազանովը հիշեցրեց, որ Էրդողանի հետ հանդիպման շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական մերձեցումը տարբեր գործընթացներ են: «Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում նկատեց, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի տնտեսական շահերը չեն կարող ԼՂՀ ինքնորոշման իրավունքից թանկ լինել»,- ընդգծեց պատգամավորը:



Նա մատնանշեց նաեւ, որ Արցախյան հիմնախնդրի լուծման մեջ որոշակի առաջընթաց կա, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ մի շրջանակային համաձայնություն չի կարող ստորագրվել առանց բանակցություններին ԼՂՀ մասնակցության:



Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:



Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:



2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---