Երեւանում բացվեց նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Երեւանում կայացավ նկարիչ-գրաֆիկ, «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր խմբագիր Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսի բացումը: «Սա իմ երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Բացի դրանից իմ աշխատանքները ցուցադրվել են նաեւ ընդհանուր ցուցահանդեսների ժամանակ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Արա Բաղդասարյանը:



«Մենք մեր երիտասարդ նկարիչներին, այդ թվում Ձեր ուսանողներին մաղթում ենք շարունակել գրքերի նկարազարդման վարպետների ավանդույթները: Չէ՞ որ գիրքը պատկերազարդումներով է շնչում»,- ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Մշակույթի նախարարությանն առընթեր գրքի հրատարակման գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը:



Բոլոր ուսանողների անունից Արա Բաղդասարյանին երախտագիտություն հայտնեց նրա շրջանավարտ, գրաֆիկ, արվեստաբանության դոկտոր Անուշ Եղիազարյանը:



«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Սակայն ես անկեղծորեն կատարում եմ իմ աշխատանքը, չեմ ընկնում գովեստի հետեւից եւ նույն կերպ մտադիր եմ աշխատել նաեւ հետագայում»,- ասաց Արա Բաղդասարյանը:



Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի ավելի քան հարյուր գրաֆիկական աշխատանքներ եւ ակվարելային գծանկարներ:



Արա Բաղդասարյանի աշխատանքները, որոնք ստեղծվել են նրա մասնագիտական կարիերայի արշալույսին` Փ.Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում ուսանելու տարիներին (1958թ.), շատ բարձր են գնահատվում: 1964-1966թթ. նա ուսումը շարունակեց Երեւանի գեղարվեստա-թատերական եւ Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտներում: 1987-ին Բաղդասարյանը վերադարձավ Երեւան եւ հայրենիքում շարունակեց ստեղծագործական գործունեությունը: Նա Հայաստանի Նկարիչների միության անդամ է, պրոֆեսոր եւ Հայաստանի Պետական գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչը: Նա աշխատում է նաեւ «Զանգակ-97» հրատարակչությունում` որպես գլխավոր գեղարվեստական խմբագիր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---