16 հունվարի 2010 - 12:28 AMT
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի հաղթողներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը: Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ ֆինանսների նախարարության թիմը, երկրորդը եղել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտակները, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմերը: Շնորհավորելով հաղթողներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհավորում ենք հաղթողներին` ֆինանսների նախարարության թիմին եւ մաղթում ենք նորագույն հաջողություններ: Կարծում եմ, որ այս ինտելեկտուալ խաղում հաղթանակը պիտի ոգեւորի ֆինանսների նախարարության ամբողջ կոլեկտիվին, որովհետեւ ձեր աշխատանքն ինքնին ինտելեկտուալ է: Սա ազդակ է մեր հասարակությանը, որ մեր ֆինանսների նախարարությունը պատրաստ է նոր մարտահրավերների. կան ինտելեկտուալներ, որոնք կգտնեն լավագույն լուծումները ճգնաժամային իրավիճակներում, երբ պետք են ոչ ստանդարտ լուծումներ, հնարամտություն: Իհարկե, դա մեզ ոգեւորում է»:

Վարչապետը կարեւորել է ինտելեկտուալ հետաքրքիր եւ գեղեցիկ խաղի տարածումը կառավարության ներսում, եւ նկատել, որ «այդ առումով ՀՀ կառավարությունը դառնում է ինտելեկտուալ շարժման առաջնորդ»: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ մրցաշարը դառնալու է ավանդական` ամենամյա պարբերականությամբ, իսկ դրանց հեռարձակումը եթերով ապահովելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը:

«Բրեյն-ռինգ»-ը խաղ է հարց ու պատասխանի տեսքով երկու (եւ ավելի) թիմերի միջեւ: Խաղի գաղափարը պատկանում է Վլադիմիր Վոլոշիրովին: Առաջին խաղը տեղի ունեցավ Օդեսայի եւ Դնեպրոպետրովսկի «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» ակումբների միջեւ: Բուն խաղի անվանումը հորինել են Բորիս Բորոդինը, Օկսանա Բալազանովան, Մարինա Բելոզերկովսկայան եւ Ալեքսանդր Ռուբինը 1987 թ-ն: