17 հունվարի 2010 - 16:04 AMT
Ուկրաինայում նախագահ են ընտրում
Ուկրաինայում ընթանում են անկախության տարիների ընթացքում հինգերորդ նախագահական ընտրությունները: Այդ պաշտոնին հավակնում են 18 թեկնածուներ: Առավոտյան ժամը 8:00-ին (մսկ` 09:00) երկրում բացվեցին ընտրատարածքները, որտեղ ընտրող քաղաքացիները կարող են քվեարկել մինչեւ 20:00:

Նախագահական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց 2009թ. հոկտեմբերի 19-ին, որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթերով ԿԸՀ դիմեցին 65 հոգի: ԿԸՀ-ն գրանցեց 18 թեկնածու: Նրանց թվում է գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը` 2004թ. քարոզարշավի մասնակիցը: Վերընտրման համար պայքարում է նաեւ Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Նախագահի պաշտոնի թեկնածուների թվում են նաեւ «Փոփոխությունների ճակատի» առաջնորդ, նախկին խոսնակ Արսենիյ Յացենյուկը եւ Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիպկոն: Բաից դրանից, նախագահի պաշտոնին հավակնում է ներկայիս խոսնակ Վլադիմիր Լիտվինը: Նրանք բոլորն էլ առաջին անգամ են մասնակցում նախագահական ընտրություններին, հաղորդում է Ինտերֆաքսը:

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Շապովալը հայտնեց, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների ոչ մի ձախողում չի լինելու: «Արտակարգ իրավիճակներ, որոնք կարող էին անհանգստություն առաջ բերել ընտրական գործընթացի առնչությամբ, բացակայում են»,- հայտնեց նա:

Նախագահի ընտրությունների մասին օրենքի համաձայն, Ուկրաինայի նախագահն ընտրվում է 5 տարով: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրաձայների ավելի քան 50%: Եթե դա տեղի չի ունենում, երկրորդ փուլ են դուրս գալիս առաջին փուլում առավելագույն ձայները հավաքած երկու թեկնածուներ: Քվեարկության երկրորդ փուլն այդ դեպքում կկայանա երեք շաբաթ անց` փետրվարի 7-ին:

1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո սրանք Ուկրաինայի նախագահի արդեն հինգերորդ ընտրություններն են: Երկու անգամ ընտրություններում հաղթանակ է տարել Լեոնիդ Կուչման: 1991թ. անկախ Ուկրաինայի առաջին ղեկավար դարձավ Լեոնիդ Կրավչուկը: 1991թ. դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայացան Ուկրաինայի պետական անկախության մասին Արձանագրության հաստատման հանրաքվեին զուգընթաց:

Երկրորդ ընտրությունները վաղաժամ կայացան` 1994 թվականին: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին հանքափորների գործադուլների ալիքից հետո: Այդ ժամանակ առաջին անգամ ընտրությունները երկու փուլով ընթացան: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ: Առաջին փուլում Կրավչուկը հավաքեց ձայների 38,36%, նրա գլխավոր մրցակիցը` Ձեռնարկատերերի եւ արդյունաբերողների ուկրաինական միության ղեկավար եւ նախկին վարչապետ Կուչման` 31,17%: Երկրորդ փուլում գործող նախագահը հավաքեց ձայների 45,6% եւ զիջեց Կուչմային, որը հավաքեց ձայների 52,15%:

1999թ. այդ պաշտոնին հավակնում էին 13 թեկնածուներ:

2004թ. կայացած չորրորդ նախագահական ընտրությունների ժամանակ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 24 թեկնածուներ: Այն ժամանակ ընտրություններն ուղեկցվում էին Անկախության հրապարակում ընթացող զանգվածային ցույցերով, երկրորդ փուլում կեղծումների պատճառով քվեարկության կրկնման անհրաժեշտության մասին Գերագույն դատարանի որոշմամբ եւ 2004թ. դեկտեմբերի 26-ին կայացած քվեարկության արդյունքում Վիկտոր Յանուկովիչի հանդեպ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակով (Յուշչենկոն հավաքեց ընտրաձայների 51,99%, Յանուկովիչը` 44,2%):