18 հունվարի 2010 - 11:14 AMT
Ինգուշետիայում մայրուղային գազատարի հատվածում տեղի ունեցած պայթյունը չի ազդել դեպի Հայաստան գազի մատակարարման վրա
2010թ. հունվարի 17-ին` կիրակի օրը երեկոյան, Ինգուշետիայի Մոզդոկ-Անդրկովկաս մայրուղային գազատարի հատվածում հզոր պայթյուն տեղի ունեցավ, հաղորդում է lifenews.ru-ն:

Նախնական տվյալների համաձայն, պայթյունը տեղի ունեցավ Նազրանի շրջանի Կանտիշեւո գյուղի մոտ: Անհայտ հանցագործները պայթուցիկ սարք էին տեղադրել խողովակի տակ: Մեկ շաբաթ առաջ ճիշտ այդպիսի սխեմայով էր պայթեցվել նաեւ Դաղստանի գազատարը:

Ռուսաստանի ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի աշխատակիցների հաղորդմամբ, տվյալ իրադրությունը չի սպառնում տեղի բնակիչներին, քանի որ գազատարը բնակավայրերը չէր ապահովում գազով:

Տեղում աշխատում էին Նազրանիի եւ Կարաբուլակի հրշեջ բրիգադները: Հրշեջները սպասում են, թե երբ կայրվի ծածկված խողովակում պարունակվող ողջ գազը: Խողովակի վնասված հատվածի վերականգնմանը տրամադրված ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցված է գազի մատակարարումը Վրաստան ու Հայաստան:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «ՀայՌուսգազարդ»-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, ներկա պահին ընկերությունը տվյալ պատահարի մասին տեղեկատվություն չունի, իսկ գազը անխափան Հայաստան է փոխադրվում:

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից՝ 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: Այսօր ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ:

Տեղական բնակչությանը գազի մատակարարման իրականացումն արտակարգ իրավիճակների դեպքում առանց սահմանափակումների ապահովվում է «ՀայՌուսգազարդի» Աբովյանի ստորգետնյա գազի պահեստի հաշվին: