18 հունվարի 2010 - 16:10 AMT
Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքերի համաձայն, ՌԴ նախագահի հետ ղարաբաղյան հարցի քննարկումը միանգամայն բնական է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրը: «Այս այցը կողմերին կօգնի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարծիքներ փոխանակել, որպեսզի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում կողմերի համար անակնկալներ չծագեն», - նշել է Մինասյանը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում որեւէ փաստաթուղթ կամ հայտարարություն չի ստորագրվի, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում թույլ չի տալիս այդ մասին մտածել:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.: Ղարաբաղի 80 տոկոս կազմող հայ ազգաբնակչությունը պահանջում էր վերամիավորվել մայր հայրենիքին` Հայաստանին: Այդ պահանջին Ադրբեջանը պատասխանեց խաղաղ հայ ազգաբնակչության դեմ սանձազերծած բռնություններով: 1991-1994 թթ. ազգային- ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ բանակը ստեղծեց անվտանգության գոտի, որի մեջ էին ներգրավված ԼՂՀ 7 շրջաններ: 1994 թ. մայիսի 11-ին Բիշքեկում կողմերը արձանագրություն ստորագրեցին` կրակը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության գալու մասին: Ներկայում հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ ` 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում միջազգային համաժողով հրավիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննելու համար: Մինսկի համաժողովի նախապատրաստման աշխատանքներին ներգրավվել էին` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան: Համաժողովի ժամանակ հիմնադրվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:

Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է : ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: