18 հունվարի 2010 - 16:49 AMT
ADL-ն այս պահին աննպատակահարմար է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը
«Հակադիֆամացիոն լիգայի (ADL) դիրքորոշումը հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ չի փոխվել: Մենք շարունակում ենք մտածել, որ դա Ցեղասպանություն է եղել, սակայն այս պահին աննպատակահարմար ենք համարում այդ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում կամ Սենատում: Հարցի լավագույն լուծումը պատմական փաստերի եւ արխիվների ուսումնասիրության գծով հանձնաժողովի ստեղծումն է»,-հայտարարել է ADL վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Ջեսս Հորդսը:

Ինչպես գրում է The Jerusalem Post թերթը, Թել Ավիվի եւ Անկարայի հարաբերությունների որոշակի սառեցումը վերածվում է սառը հողմի, որը անդրադառնում է նաեւ Վաշինգտոնի վրա, չնայած նրան, որ հարաբերությունները Թուրքիայի եւ նրա ավանդական արեւմտյան դաշնակցի միջեւ, որը սատարում է նաեւ Իսրայելին, դեռեւս չեն հասել կրիտիկական կետի:

Ըստ իսրայելյան թերթի, որոշ հրեական կազմակերպություններ պատմականորեն աշխատել են Թուրքիայի հետ` հորդորելով նրան սերտ հարաբերություններ պաշտպանել Իսրայելի հետ, որը թշնամաբար տրամադրված տարածաշրջանային ուժերի շրջապատում է գտնվում: «Երբեմն այդ կազմակերպությունները ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգի էին ենթարկում Թուրքիայի շահերը: Օրինակ, նրանք հորդորում էին կոնգրեսականներին բանաձեւ չընդունել Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դերի եւ Հայոց ցեղասպանության մասին: Միեւնույն ժամանակ, ասվում է, որ Իսրայելի ղեկավարությունը գոհ էր Սպիտակ տան միջամտությունից Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների հարցում` ճնշում գործադրելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վրա: Ըստ թերթի, ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ իսրայելա-թուրքական հարաբերությունները շատ ավելի կարեւոր են, քան Էրդողանը:

Թերթը հիշեցնում է նաեւ, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նամիկ Թանը, որը ետ կանչվեց Էրդողանի այցից անմիջապես հետո, երկար տարիներ արդյունավետ աշխատանք է տարել Վաշինգտոնում հրեական համայնքի հետ:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Հակադիֆամացիոն լիգան (ADL) ստեղծվել է 1913թ. ԱՄՆ-ում` «հրեա ժողովրդի զրպարտությանը վերջ դնելու եւ բոլորի հանդեպ արդարություն եւ արդար վերաբերմունք ապահովելու նպատակով»: Ներկայումս ADL-ն պայքարում է հակասեմիտիզմի եւ այլատյացության բոլոր դրսեւորումների դեմ, պաշտպանում է ժողովրդավարական գաղափարները եւ առանց բացառության բոլոր ազգերի քաղաքացիական իրավունքները: Կազմակերպությունը 30 բաժանմունք ունի ԱՄՆ-ում եւ արտերկրում: