ՀՀԿ. ՀՀ ՍԴ որոշումը կոնկրետացրեց հայ-թուրքական Արձանագրությունների առարկան

PanARMENIAN.Net - «Ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ իր դրական որոշմամբ Հայաստանի Սահմանադրական Դատարանը ցույց է տալիս, որ Արձանագրությունների առարկան սահմանի բացումն ու հարաբերությունների հաստատումն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ ուրիշ ոչինչ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցությունից պատգամավոր Գագիկ Մինասյանը:



Մինասյանի խոսքով, ՀՀ ՍԴ որոշումը վերջ դրեց Հայաստանի ազգային շահերին Արձանագրությունների համապատասխանության մասին ներքին քաղաքական քննարկումներին: «Դատարանի որոշման մեջ իրավաբանորեն ամրագրված է, որ հայ-թուրքական Արձանագրություններում նախապայմաններ չկան եւ դրանք չեն կարող դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այլ վիճելի հարցերը լուծող փաստաթուղթ»,- ընդգծեց նա:



Պատգամավորը նշեց նաեւ, որ Արձանագրությունների մասին ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշման մեջ տրվում է Հայաստանի նախագահի կողմից այդ փաստաթղթերի առնչությամբ ավելի վաղ հնչեցված քաղաքական գնահատականների իրավական ձեւակերպումը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:



Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:



Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:



2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---