18 հունվարի 2010 - 19:57 AMT
Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի
Իրական քաղաքական հեռանկարում Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության նպատակահարմարությունը չի դիտարկվի: Այդ մասին Երեւան-Մոսկվա «Հայ-ռուսական հարաբերություններ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի արդյունքները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների նույնիսկ ամենաբարենպաստ զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսական ռազմակայանի փակմանը: Ես այդ առումով մտավախություններ չունեմ»,-ասել է քաղաքագետը: Նա նշել է, որ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում առանձնահատուկ քաղաքական իմաստ ունի:

Քաղաքագետը թերահավատորեն է վերաբերում այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են այնքան լավանալ, որ Հայաստանը կպահանջի դուրս բերել ռուսական ռազմակայանը: Նա նշել է, որ ռազմակայանը ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների խորհրդանիշն է:

102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում Անդրկովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ներկայության կարեւորագույն օբյեկտներից մեկն է, ռուս-հայկական հարաբերությունների գլխավոր բաղադրիչներից մեկը: Այն գտնվում է Գյումրիում` Երեւանից 120 կմ հեռավորության վրա:

102-րդ ռազմակայանը ստեղծվել է 1995թ. ըստ միջազգային պայմանագրերի: Անդրկովկասի Կարմիր դրոշի ռազմական շրջանի ստորաբաժանումների հիման վրա ստեղծվեց 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում: