18 հունվարի 2010 - 20:42 AMT
Հայ-թուրքական մերձեցումը կապված չէ ղարաբաղա-ադրբեջանական կարգավորման հետ
«Էրդողանի այցը Մոսկվա եւ Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Երեւան հաստատեցին, որ հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան կարգավորումը տարբեր գործընթացներ են»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցությունից պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Մինասյանն ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նշեց, որ ղարաբաղյան կարգավորումն ու հայ-թուրքական մերձեցումը տարբեր գործընթացներ են, ինչն Էրդողանն անուշադրության մատնեց: «Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում նշեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական շահերը չեն կարող ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքից թանկ լինել»,- նշեց պատգամավորը:

Մինասյանի խոսքով, միջազգային հանրությունն առանձնացնում է այդ երկու հարցերի լուծումը, քանի որ իրենք էլ չգիտեն, թե երբ եւ ինչպես կլուծվի Արցախի հիմնախնդիրը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:

Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:

2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ: