Հայաստանը մասնակցում է Աբու Դաբիում ընթացող «Համաշխարհային էներգետիկայի ապագան» խորագրով համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ՀՀ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Մելիքյանը, կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք «Համաշխարհային էներգետիկայի ապագան» խորագրով համաժողովին: Կկայանան նաեւ ՀՀ փոխվարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:



Հենց երեկ կայացավ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ Բին Ջայեդ Ալ Նահյանիի հետ: Նախ ամփոփվեցին անցած տարվա ընթացքում կատարված փոխայցելությունների արդյունքները: Փոխվարչապետը բարձր գնահատեց Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ տնտեսական տարբեր բնագավառներում ծավալված երկխոսությունը:



ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ հայկական կողմը ձեւավորել է միջկառավարական հանձնաժողովը եւ որ հայկական կողմից ինքն է այն ղեկավարելու: Արմեն Գեւորգյանը նաեւ նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի շուտափույթ ձեւավորումը կնպաստի երկու երկրների համագործակցության արդյունավետության բարձրացմանը:



Այնուհետեւ քննարկվեցին երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունները ներդրումների, բանկային, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: ՀՀ փոխվարչապետն առանձնապես կարեւորեց համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում եւ հույս հայտնեց, որ «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության» ( IRENA) շրջանակներում այն նոր զարգացում կապրի եւ նոր որակ կստանա: Այս առումով ընդգծվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում:



ՀՀ փոխվարչապետը կարեւորեց էմիրաթական դեսպանատան բացումը Երեւանում: Աբդալլահ Բին Ջայեդ Ալ Նահյանին նշեց, որ էմիրաթական կողմն իր հերթին ձգտում է որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-էմիրաթական հարաբերությունները: Նա եւս կարեւորեց համագործակցությունն ատոմային էներգիայի ոլորտում, նշելով, որ այդ հարաբերությունները ձեւավորելու համար IRENA-ն կարող է լավ հարթակ դառնալ:



Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարը կարեւորեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ հայկական կողմը շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որդեգրած քաղաքականությունը: Տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ եւս մեկ քայլ է արվել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Հայաստանը մասնակցում է Աբու Դաբիում հունվարի 18-21-ը ընթացող «Համաշխարհային էներգետիկայի ապագան» խորագրով համաժողովին:



«Համաշխարհային էներգետիկայի ապագան» խորագրով համաժողովն Աբու Դաբիում համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, ֆինանսական ինստիտուների եւ ոլորտների փորձագետների հանդիպման վայր է: Շուրջ 3000 պատգամավորներ աշխարհի 50 երկրներից մասնակցում են համաժողովին, նրանց թվում են նաեւ բարձր մակարդակի 100 բանախոսներ` Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասը, Մալդիվյան կղզիների նախագահ Մոհամմեդ Աննի Նաշիդը, Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը, Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Հելեն Փելոսը:



Համաժողովի շրջանակներում տեղի կունենան խորհրդաժողովներ եւ 2 ցուցահանդես կբացվի շուրջ 25 000 քմ տարածքում: Ցուցահանդեսների թեմաներն են` Ապագայի էներգետիկայի համաշխարհային ցուցահանդես (էներգիայի առաջադեմ եւ վերականգնվող աղբյուրներ) եւ Ապագա շրջակա միջավայրի համաշխարհային ցուցահանդես (նվիրված ջրի, օդի սպառման կառավարման տեխնոլոգիաներին):
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---