19 հունվարի 2010 - 17:35 AMT
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային բաց ճարտարապետական մրցույթ
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային բաց ճարտարապետական մրցույթ: Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիան մրցույթ է հայտարարել Երեւանում նախկին Երիտասարդական պալատի վայրում Intercontinental հյուրանոցային համալիրի հետ բիզնես-կենտրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման համար: Հողատարածքի ընդհանուր մակերեսը 4 հեկտար է:

Մեկ փուլից բաղկացած մրցույթի կազմակերպիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը, Երեւանի քաղաքապետարանի եւ Բելառուսի ճարտարապետների միության հետ համատեղ, Հայաստանի քաղաքաշինության եւ սփյուռքի նախարարությունների մասնակցությամբ: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրությների, մրցույթը հաստատվել է Ճարտարապետների միջազգային միության կողմից, հաղորդում է Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջը:

Միջազգային ժյուրիի կազմում են «Ավանգարդ Մոթորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանը (ՌԴ), Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Մայքլ Ռոտոնդին (ԱՄՆ), Մակոտո Վատանաբեն (Ճապոնիա ), Էնրիկե Սոբեջանոն (Իսպանիա), Բելառուսի ճարտարապետների միության նախագահ Ալեքսանդր Կորբուտը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի ճարտարապետների միությունում, միջազգային բաց ճարտարապետական մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացվել 70 երկրներից եւ ներկայացվել է 300 նախագիծ: Ծրագրի ղեկավարն է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:

«Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիա» հասարակական միավորումների միությունը հասարակական մավորումների` իրավաբանական անձանց, ստեղծագործական միությունների միջազգային միություն է: Ասոցիացիան հիմնվել է 1992թ.: Նրան անդամակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Կիեւը, Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, ճարտարապետների միությունները: