19 հունվարի 2010 - 18:19 AMT
Էդուարդ Շարմազանով. Բաքվի հայերը սպանվեցին միայն հայ լինելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն վաղուց արդեն ադրբեջանական կողմի հետ բանակցություններում շեշտադրում է Ադրբեջանից հայ փախստականների հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր համարվում, սակայն հազարավոր հայեր սպանվեցին լոկ հայ լինելու համար»,-ասել է նա:

Պատասխանելով ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին նոր սերնդի իրազեկման անհրաժեշտության մասին հարցին` Շարմազանովն ասել է, որ այդ գործընթացին պետք է ակտիվորեն մասնակցեն նաեւ ԶԼՄ-ները, հատկապես քաղաքական գործիչները:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը` Շարմազանովն ասել է, որ շարունակական հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների միջեւ արդեն իսկ առաջընթաց են ղարաբաղյան կարգավորման հարցում: Այն, որ նոր հանդիպումներ են նախատեսվում, նշանակում է, որ ոչ միայն հայկական, այլ նաեւ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 1-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ հռչակագրի ընդունումից հետո, հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:

1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահոգությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:

2009թ. դեկտեմբերի 2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության մեջ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կոչ են անում կողմերին շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Հիմնարար սկզբունքների վերաբերյալ վերջնական որոշումը պետք է սկիզբ հանդիսանա կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման համար: Փոխըմբռնման հասնելու համար, ԱԳ նախարարները պետք է հիմնվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, որտեղ արձանագրված է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես առանց ուժի ու սպառնալիքի կիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Մենք վստահ ենք, որ այսօր իրական հնարավորություն կա ողջ տարածաշրջանում խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա կառուցելու համար»,-ասվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ: