Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքերը Ադրբեջանի փախստական հայերի համար հատուցում են

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հայերի էթնիկական զտման հարցը ոչ միայն պատմական ու բարոյական, այլեւ իրավական խնդիր է, որն իր մեջ ներառում է հատուցման հարցը: Այդ մասին այսօր Երեւանում Բաքվի հայերի ջարդերի 20-ամյա տարելիցին նվիրված գիտաժողովի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:



«Ղարաբաղյան հակամարտությունը ծագեց Ղարաբաղի ժողովրդի հանդեպ Բաքվի խտրական քաղաքականության հետեւանքով: Ի պատասխան ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ցանկության` Բաքուն բռնություն կիրառեց եւ Ղարաբաղի դեմ պատերազմ ծավալեց»,- ասաց Արցախի ԱԳ նախկին նախարարը: Նրա խոսքով, Ղարաբաղի մերձակա ազատագրված տարածքերը Ադրբեջանի փախստական հայերի համար հատուցում են, եւ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հենց այդ ասպեկտում:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:



1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:



Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---