19 հունվարի 2010 - 21:29 AMT
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համար ՍԴ որոշումը միանգամայն ընդունելի է
«Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումը ակներեւ ցույց տվեց, որ այդ փաստաթղթերը կազմելիս ՀՀ Արտգործնախարարությունը կոպիտ սխալներ է թույլ տվել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, ՍԴ եզրակացությունը վկայում է այն մասին, որ Արձանագրությունները կազմելիս Հայաստանի դիվանագետները չեն կարողացել պաշտպանել Հայաստանի ազգային շահերը եւ որ դրանք հարկավոր է փոխարինել:

«Մեր խորհրդարանը Արձանագրությունները վավերացնելիս պետք է որպես վերապահում պարտադիր վկայակոչի Սահմանադրական դատարանի որոշումը: Հայաստանի Ազգային ժողովը պետք է նաեւ եւս մեկ անգամ հաստատի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հետեւողական լինելու իր պատրաստակամությունը, համապատասխան փոփոխություններ կատարի Հայաստանի օրենսդրության մեջ սահմանի բացումից հետո հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու համար»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը 1991թ. հիմնված քաղաքական կուսակցություն է: ՀԴԿ հիմնադիր-նախագահը Արամ Գասպարի Սարգսյանն է: 1998-1999թթ. եղել է Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի խորհրդատուն, 2003-2007 թվականներին` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսության հիմքում դեմոկրատական սոցիալիզմի մասին ուսմունքն է: Կուսակցությունը դեմոկրատական, ազգային արժեքների պահպանման եւ սոցիալական արդարության հաստատման կողմնակիցն է:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: