20 հունվարի 2010 - 18:01 AMT
Իսպանիայի ԱԳ նախարարը Երեւանին ու Բաքվին կոչ է անում չկորցնել դրական դինամիկան
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաճախակի հանդիպումները դրական դինամիկա են ստեղծել, որը չպետք է կորսվի: Այդ մասին, ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ, հայտնեց ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը:

«Եվրոպայում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը ոչինչ չարժեն, եթե դրանք չեն նպաստում իրական խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Մորատինոսը:

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:
Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):

ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները` Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:

Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:

1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

Եվրոպական միությունը Եվրամիություն,ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպական միության մասին պայմանագիրը (Մաաստրիխտյան պայմանագիր): Միությունը յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում: ԵՄ գործող նախագահն իր պաշտոնը զբաղեցնում է վեց ամիս շարունակ ռոտացիայի ճանապարհով:

Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Եվրոպական միության մասին Պայմանագրում եւ Եվրոպական հասարակության հաստատման մասին Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Լիսաբոնյան պայմանագիրը»: Այն կոչված է փոխարինել ուժի մեջ չմտած ԵՄ Սահմանադրությունը եւ փոփոխություններ կատարել Եվրոպական միության մասին գործող համաձայնագրերում ԵՄ վարչության համակարգի բարեփոխման նպատակով: Պայմանագրի համաձայն, ներմուծվում է Եվրոպական խորհրդի մշտական նախագահի պաշտոնը, ով ընտրվելու է եվրոպական առաջնորդների կողմից 2,5 տարի ժամկետով եւ երկրորդ ժամկետի համար վերընտրվելու հնարավորությամբ: Եվրոպական խորհրդի մշտական նախագահը ներկայացնելու է Միությունը արտաքին քաղաքականության մեջ իր իրավասությունների շրջանակներում եւ Ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերում, ինչը չի նվազեցնում Բարձր ներկայացուցչի դերը:

2009 թվականի նոյեմբերի 19-ին Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում այդ պաշտոնին նշանակվեց Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը: