Երեւանը պատրաստվում է Իրանի ԱԳՆ ղեկավարի այցին

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Երեւան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած 2009 թ. ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հունվարի վերջին կկայանա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Հայաստանի ու Իրանի միջեւ ինտենսիվ համագործակցություն է ծավալվում»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Երեւանն ու Թեհրանը նախապես պայմանավորվել էին հունվարի վերջին Երեւանում Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհի կառուցման աշխատանքային խմբի հետ եռակողմ հանդիպում անցկացնել: Հաշվի առնելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կարեւորությունը` Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարների մակարդակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվելու է ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծման նախագծի մշակմամբ:



Նախնական տվյալների համաձայն, Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության շինարարության ներդրումները կկազմեն $2 մլրդ: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Համաշխարհային բանկն ու Զարգացման ասիական բանկը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Իրանն ու Ուկրաինան: Իրան-Հայաստան երկաթուղին հայկական կողմին թույլ կտա բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից օգտվել` ելք ստանալով արտաքին աշխարհ: Ներկայումս արտաքին աշխարհի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն ապահովվում է միայն Վրաստանի տարածքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---