22 հունվարի 2010 - 18:17 AMT
Հայաստանն աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի եւ հուսալի գործընկեր
Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի եւ հուսալի գործընկեր: Այդ մասին այսօր Երեւանում 2009թ. ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին, որն իր քայլերով ապացուցել է իր վստահելիությունը` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, մեր երկրին ու տարածաշրջանին առնչվող առանցքային հարցերի վերաբերյալ միջազգային հանրության կողմից արտահայտվում եւ դրսեւորվում են դիրքորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են Երեւանի տեսակետներին:

Ներկայացնելով 2009 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեությունը` Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ 2009 թվականին ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է իրականացնել Հանրապետության նախագահի կողմից նախանշված արտաքին քաղաքականության ուղեգիծը, ինչը բնորոշվել է նոր նախաձեռնություններով` աջակցություն ստանալով միջազգային հանրության կողմից: Նախարարության աշխատանքներն ուղղված են եղել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը:

«2009 թվականին տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատվություններ, հանդիպումներ եւ միջոցառումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կնքվել են շուրջ 100 միջազգային պայմանագրեր, որոնք լավ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման համար: ՀՀնախագահը կատարել է22 օտարերկրյա այցելություն, Հայաստան են այցելել այլ երկրների 8 ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 8 այցելություն, Հայաստան են այցելել երկու երկրի խորհրդարանի ղեկավար: Վարչապետն անցյալ տարվա ընթացքում կատարել է 8 այցելություն: ԱԳ նախարարը կատարել է 29 այցելություն, Երեւան են ժամանել 11 երկրների արտգործնախարարներ, 5 միջազգային կազմակերպության ղեկավար: Արտգործնախարարությանկողմից կազմակերպվել են շուրջ հարյուր հարցազրույցներ աշխարհի առաջատար լրատվամիջոցներին, ելույթներ բազմաթիվ միջազգային համաժողովներում, քաղաքագիտական կենտրոններում: Հայաստանի վերաբերյալ հոդվածներ, հատուկ թողարկումներ եւ ներդիրներ են հրապարակվել աշխարհի հեղինակավոր պարբերականներում: Երեւանում եւ արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 4 տասնյակ մամլո ասուլիսների, 20-ից ավելի հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին: ԱԳնախարարության համակարգում 2009 թ. շրջանառվել է ավելի քան 100.000 փաստաթուղթ»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: