22 հունվարի 2010 - 18:50 AMT
Մոսկվան աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությունը
Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ երկխոսության կայացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է նախագահների նախատեսվող հանդիպմանը, ապա մենք հույս ունենք, որ կշարունակվի այն երկխոսությունը, ինչ տեղի ունեցավ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ անցյալ տարի: Երկխոսությունը միանգամայն արդյունավետ էր` այն թեեւ որեւէ նշանակալի վերելքներ չունեցավ, սակայն ամրապնդեց երկու ղեկավարների հարաբերությունները, նրանց հնարավորություն տվեց խորամուխ լինելու այն հարցերում, որոնք դեռ պետք է լուծվեն: Մենք աջակցում ենք, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի», - ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Հունվարի 25-ին ռուսական Սոչի քաղաքում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: