24 հունվարի 2002 - 23:24 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏ
ԱՄՆ-ի ընկերությունները պատրաստ են միջոցներ ներդնել Հայաստանի էներգետիկայի ոլորտ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրազիայի երկրների հետ համագործակցության համակարգող Վիլյամ Թեյլորը այսօր Երեւանում ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ եթե Հայաստանի կառավարությունը բաշխիչ էլեկտրացանցերի ձեռքբերման նոր մրցույթ հայտարարի, ապա ամերիկյան ընկերությունները կմասնակցեն դրան: Թեյլորը չի ճշտել, թե արդյոք ամերիկյան էներգետիկ ընկերությունները հետաքրքրվում են նաեւ հայկական բաշխիչ ցանվերի կառավարումը ստանձնելու տարբերակով:(Ինչպես հայտնի է,ներկայումս կառավարությունը ուսումնասիրում է հենց այդ տարբերակը:) Շարունակելով էներգետիկայի թեման` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չպետք է դեմ լինեն Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը: Նա նշել է, որ այդ նախագծի իրագործումը չի հակասում պաշտոնական Վաշինգտոնի որոշմանը, որը դեմ է հանդես գալիս Իրանի տնտեսություն ուղղակի ներդրումներ կատարելուն: Նախարարաի խոսքերով, այս դեպքում որպես ներդնող հանդես կգա ինքը Իրանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: