6 փետրվարի 2010 - 21:25 AMT
Հայաստանի վարչապետն այցով կմեկնի Իսրայել


Փետրվարի 15-16 Իսրայել կայցելի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ ուղեւորության ժամանակ նրան կուղեկցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Այդ մասին IzRus պորտալին հաղորդեցին Իսրայելի ԱԳՆ Կենտրոնական Եվրոպայի ու Ասիայի Դեպարտամենտից: Նշանակալի է, որ ՀՀ կառավարության ղեկավարը Երուսաղեմ կժամանի չորս օր անց այն բանից հետո, երբ Իսրայելի արտգործնախարարը պատմության մեջ առաջին անգամ այց կկատարի Ադրբեջան (փետրվարի 9-11):

Ինչպես նշեցին դիվանագիտական գերատեսչության աղբյուրները, Սարգսյանի այցը մասնավոր բնույթ է կրելու, բայց չեն բացառել, որ նա կարող է աշխատանքային հանդիպումներ ունենալ:

Ուղիղ մեկ տարի առաջ, ընդունելով Իսրայելի ոչ ռեզիդենտ-դեսպան Շեմի Ցուրին, Տիգրան Սարգսյանն ընդգծեց «ադամանդի մշակման, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ առողջապահության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կարեւորությունը»:

Սարգսյանի առաջիկա այցը կդառնա անցյալ տարի ՀՀ ղեկավարության` Իսրայել կատարած այցերի շարունակությունը: 2009-ի մայիսին այստեղ այցելեցին գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: