6 փետրվարի 2010 - 15:23 AMT
Ղազախստանը օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունում առաջխաղացում արձանագրվի


«Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի վերջին հանդիպումը նոր ընթացք հաղորդեց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին», - կարծում է ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Ղազախստանի պետքարտուղար` ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը:

«Որպես տարածաշրջանային երկիր մենք հնարավորություն ունենք մոտենալ ղարաբաղյան հակամարտության եզրափակիչ փուլին: Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մինչեւ ԵԱՀԿ-ում մեր նախագահության ավարտը», - ասել է նա:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը ստանա իր լուծումը: ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայումս այդ հարցում հասել է առաջխաղացման», - նշել է Սաուդաբաեւը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:

Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):

ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները` Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:

Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:

1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: 2010թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը Հունաստանից անցավ Ղազախստանին: