25 հունվարի 2010 - 14:55 AMT
ՀՀԿ-ն բացառում է Սոչիում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքումը


Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը հնարավոր չի համարում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքումը Սոչիում, որտեղ ընթանում է Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Հանդիպման ընթացքում որոշակի առաջընթաց կգրանցվի, սակայն չեմ կարծում, որ համաձայնագիր ստորագրվի: Ծայրահեղ դեպքում, կարող է հռչակագիր ստորագրվել, Մայնդորֆի հռչակագրի նմանությամբ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմիկ Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի, եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը, հավանաբար, կքննարկեն նորացված Մադրիդյան սկզբունքները: Ինչպես նշել է Զոհրաբյանը, հազիվ թե նորացված տարբերակն էապես տարբերվի նախկին սկզբունքներից:

Անդրադառնալով տարածքների հանձնման հնարավորությանը` ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ չեն հստակեցվել փոխզիջման շրջանակները: «Մինչ օրս չի որոշվել, թե ինչ է իրենից ներկայացնում անցումային կարգավիճակը, եւ ինչպես է անցկացվելու Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը: Ինձ թվում է, որ կողմերը դեռեւս չեն պատկերացնում, ինչպես է դա կատարվելու»,-ասել է պատգամավորը:

Նրա կանխատեսումներով, Սոչիի հանդիպումից հետո պարզ կդառնա, կստորագրվի շրջանակային համաձայնագիր Ղարաբաղի վերաբերյալ, թե` ոչ: «Սակայն ես չեմ կարծում, որ մինչ 2010թ. ավարտը շրջանակային համաձայնագիր կկնքվի»,-ասել է Ռ.Զոհրաբյանը:

ՌԴ Սոչի քաղաքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ անցնում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հունվարի սկզբին ԵԱՀԿ ՄԽ-ն ժամանեց Երեւան եւ ՀՀ ղեկավարությանը ներկայացրեց Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը:

«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:

Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը:

Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»:

Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը:

Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն
պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:

Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:

2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: