25 հունվարի 2010 - 17:19 AMT
Հայաստանից «Ջազ ենք նվագում Գարանյանի հետ» փառատոնին ոչ ոք չի մասնակցելու


«Ջազ ենք նվագում Գարանյանի հետ» փառատոնը կլինի այնպիսին, ինչպիսին որ այն պատկերացնում էր Գեորգի Գարանյանը. փառատոնի ժամանակ կհնչեն ստեղծագործություններ ինչպես ջազ գնահատողների, այնպես էլ չպատրաստված ունկնդիրների համար: Հայտնի երաժիշտների եւ Հարավ-Արեւմտյան շրջանի սաների կատարմամբ կհնչեն ջազի դասականների` Դյուկ Էլլինգտոնի եւ Չարլի Փարքերի, Քաունթ Բեյսիի եւ Ջորջ Գերշվինի ստեղծագործությունները: Բեմ դուրս կգա նաեւ Գեորգի Գարանյանի հայտնի «Մեղեդի» համույթը:

«Հայաստանից փառատոնին ոչ ոք չի մասնակցելու: Հրավերներ չեն եղել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ջազ-դաշնակահար Լեւոն Մալխասյանը:

«Ջազ ենք նվագում Գարանյանի հետ» երկրորդ երաժշտական փառատոնը կկայանա հունվարի 25-ին Մոսկվայում` «Մերիդիան» Մշակույթի եւ արվեստի կենտրոնի Մեծ դահլիճում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային ջազային փառատոների դափնեկիր: Նա ճանաչման էր հասել նաեւ որպես Օլեգ Լունդստրեմի անվան Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր:

Գեորոգի Գարանյանը ներկայացնում է ռուսական ջազի հետպատերազմյան առաջին սերունդը: 1958թ. Գարանյանի սաքսոֆոնը հնչեց Օ.Լունդստրեմի նվագախմբում, իսկ հետո, 1966թ.` Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի ղեկավարն է Վադիմ Լյուդվիկովսկին: 1960-ականների կեսին ժամանակակից ոճով ջազային պիեսները, որ հնչում էին Համամիութենական ռադիոյով, լայն ճանաչում բերեցին Գարանյանին եւ նրա հետ հանդես եկող երաժիշտներին:

1973թ. Պետհեռուստառադիոյի նախկին նվագախմբի բազմաթիվ երաժիշտների հրավիրեցին աշխատանքի ձայնագրման «Մելոդիա» ֆիրմա: Գ.Գարանյանը դարձավ նույնանուն նվագախմբի ղեկավարը: Այն ժամանակ էլ ծնվեց այն աստեղային կազմը, որ նույն փայլով նվագակցում էր երգիչներին, ձայնագրում էր պարային երաժշտություն եւ ջազային կոմպոզիցիաներ` սվինգից մինչեւ ջազ-ռոք: «Մելոդիան» հնչում էր նաեւ կինոյում, քանի որ, ինքը` ռուսական ջազի վարպետը, երաժշտություն է գրել շուրջ 40 ֆիլմերի համար, այդ թվում նաեւ հանրահայտ «Պոկրովի դարպասները» ֆիլմի համար:

Աշխարհի լավագույն դիրիժորներից մեկի` Գենադի Ռոժդենստվենսկու հրավերով, «Մելոդիա» նվագախումբն ու Գեորգի Գարանյանը (որպես մենակատար-իմպրովիզատոր) մասնակցել են Ալֆրեդ Շնիտկեի առաջին սիմֆոնիայի պրեմիերային:

1991թ. Գարանյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը եւ ստեղծեց Մոսկվայի բիգ-բենդը, որտեղ հրավիրվեցին երկրի ամենամեծ ջազմեններն ու պրոֆեսիոնալները: Մասնագետներն ու շարքային հանդիսատեսները բազմիցս են նշել այդ նվագախմբի եզակի հնչողությունը, նրա ղեկավարությամբ արված հիանալի հնչունավորումը:

Սակայն, ինչպես խոստովանել է ինքը Գարանյանը, նա իր ամենամեծ նվաճումն էր համարում հնչունավորման դասագիրքը: Երկրի բոլոր ուսումնական հաստատություններում այդ դասագրքով սովորում են ոչ միայն ուսանողները, այլ նաեւ դասավանդողները: Ասում են, որ դասագիրքն այնպես է գրված, որ նույնիսկ երաժշիտ չլինելով, կարելի է հասկանալ, թե ինչպես նվագել: