25 հունվարի 2010 - 17:46 AMT
Հայոց լեզվի դասերը նպաստում են Ռուսաստանից եւ ԵՄ երկրներից վերադարձած դպրոցականների ինտեգրմանը


2009թ. նոյեմբերի 1-ից Երեւանի Հ. Իսակովի անվան թիվ 132 դպրոցում ԵՄ-ից եւ ՌԴ-ից վերադարձած հայերենին վատ տիրապետող թվով 29 աշակերտների համար «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին <b>հայոց լեզվի դասընթացներ</b>:

Ինչպես նշում է դասընթաց անցկացնող հայոց լեզվի մասնագետ Շուշան Քարամյանը, դասընթացին ընդգրկված երեխաները մեծ ոգեւորությամբ են հաճախել, եւ նրանցից շատերը արդեն իսկ ավելի լավ են տիրապետում հայերենին քան մինչ դասընթացի սկիզբը:

«Ընտրված երեխաներից շատերը ծնվել եւ մեծացել են, օրինակ, Ռուսատսանի Դաշնությունում, որոնց վերաինտեգրումը հայկական դպրոցներում փոքր-ինչ դժվար էր դարձել: Եվ նմանատիպ դասընթացները իրապես օգնում են նրանց վերաինտեգրմանը»,- ասում է Շ. Քարամյանը եւ հավելում, որ դասընթացներին հաճախելությունը գրանցվել է բարձր ցուցանիշներով:

Ըստ նրա, հայոց լեզվի դասընթացն ավարտելուց հետո երեխաների ստացած գիտելիքները ստուգվեցին թեստային առաջադրանքի ձեւով: