25 հունվարի 2010 - 18:24 AMT
Ցրտահարությունը զգալիորեն կկրճատի բերքի ծավալները Հայաստանում


Եթե Հայաստան իսկական ձմեռ գա, ապա բերքի ծավալները զգալիորեն կկրճատվեն, Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Ըստ նրա, ցրտահարությունը լուրջ խնդիրներ կհարուցի գյուղատնտեսության ոլորտում, քանի որ Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են բողբոջել պտղատու ծառերը: «Եթե -10-12 աստիճան ցուրտ լինի, ապա Հայաստանում բերքի կորուստ կգրանցվի, մասնավորապես, կտուժեն վաղահաս ծիրանը, դեղձը, խնձորը եւ կեռասը, ընդ որում խաղողը չի տուժի»,-ասել է նա:

«Եթե ցրտահարություն չլինի մարտ-ապրիլ ամիսներին, ապա ծիրանը Հայաստանում կհասնի մայիսի վերջին»,-հայտարարել է Բերբերյանը: Նա նաեւ հավելել է, որ եղանակային պայմանների ջերմացման դեպքում Հայաստանը կարող է 2 տարուց 5 բերք ստանալ:

Հրաչյա Բերբերյանը նշել է նաեւ, որ մինչեւ -5 աստիճան ցրտահարությունն առանձնակի վնաս չի հասցնի:
Իսկ մեխակը Բերբերյանը բնութագրեց որպես ոչ այնքան ցրտադիմացկուն բույս: Մասնագետը նշել է, որ +4 ջերմաստիճանի դեպքում, մեխակի աճի շրջանը դանդաղում է, -4-ի դեպքում այն չի ցրտահարվում, սակայն եթե ջերմաստիճանը մի փոքր էլ նվազի, կարող է ցրտահարվել: