5 փետրվարի 2010 - 17:35 AMT
ԵԱՀԿ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ավելի արդյունավետ է աշխատում, քան ադրբեջանականը


ԵԱՀԿ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության աշխատանքը բավական արդյունավետ է: Չի եղել ԵԱՀԿ ԽՎ որեւէ նիստ, որի ժամանակ հայկական պատվիրակությունը չի բարձրացրել իր ազգային հարցերը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով, հայկական պատվիրակության առաջարկներն ընդունվել են Վեհաժողովի կողմից` ի տարբերություն ադրբեջանական առաջարկների: «Դրա վառ օրինակն է «Փակ սահմանների մասին» մեր պատվիրակության առաջարկը, որն ընդունվեց Վեհաժողովի կողմից աշնանային նստաշրջանի ընթացքում»,- նկատեց նա:

ԵԱՀԿ առաջիկա գագաթաժողովին Լարիսա Ալավերդյանի չմասնակցելու առիթով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորն ընդգծեց. «Եթե նա ներգրավված չէ պատվիրակության հիմնական կազմի մեջ, դա չի նշանակում, որ մենք չենք կարողանա հարկ եղած կերպով այնտեղ ներկայացնել Հայաստանի ազգային շահերը»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնվել է 1997 թվականին: Տեղական ենթաբաժանմունքներ ունի երկրի բոլոր մարզերում, կուսակցության անդամների քանակը հասնում է 100 հազ. հոգու: 2007 թվականի մարտի 12-ին խորհրդարանական ընտրություններից հետո «ՕԵ» մտավ իշխանության Կոալիցիայի մեջ եւ խորհրդարանում ներկայացված է ութ պատգամավորներով: Հայաստանի կառավարությունում կուսակցությունը երեք նախարարական պորտֆել ունի: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: