5 փետրվարի 2010 - 17:16 AMT
Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս աջակցել Ղարաբաղի շուրջ բանակցությունների դրական առաջընթացին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատեց ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամությունը: Այդ մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտնեց Ռուսաստանում օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Ղարաբաղի շուրջ բանակցությունների դրական առաջընթացին: Համոզված եմ, որ դա ամբողջապես համապատասխանում է Կովկասում խաղաղության պահպանման շահերին»,- ասաց Ռուսաստանի նախագահը:

Արարողության ժամանակ ՌԴ նախագահին իր հավատարմագրերը հանձնեց նաեւ Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը: Նախագահ Մեդվեդեւը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ մի շարք խնդիրներ են լուծում ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: