5 փետրվարի 2010 - 16:56 AMT
ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող 252 բանաձեւի քվեարկությունը համաձայնեցված չէ Սպիտակ տան հետ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի որոշումը` քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության մասին 252 բանաձեւը դրական երեւույթ է: Այն ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների եւ մի խումբ կոնգրեսականների գործունեության արդյունքն է, որոնք չեն ցանկանում Հայոց ցեղասպանության հարցը որպես պատանդ տեսնել Թուրքերի ձեռքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա միեւնույն ժամանակ ասել է, որ չի համարում, թե դա կարող է Թուրքիաի համար ազդակ լինել: Մանոյանի կարծիքով, այդ քայլը Սպիտակ տան հետ համաձայնեցված չէ:

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Հայաստան մեկնաբանելով, Մանոյանն ասել է. «Ջեյմս Սթեյնբերգի այցի նպատակն է համոզել Հայաստանին, որ շարունակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Միեւնույն ժամանակ «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավարն ասել է, որ ապրիլի 24-ի նախաշեմին Անկարան որոշ քայլեր կանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա իբր գործընթացը շարունակվում է: «Սակայն դա ձեւական բնույթ է կրելու», - ասել է Կիրո Մանոյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

<b>Հայ դատը</b> հայերի քաղաքական պատմության, ազգային-ազատագրական շարժման բոլոր խնդիրների ամբողջականությունն է, որոնք սկիզբ են առել XIX դարի երկրորդ կեսից, եւ նպատակ ունի վերականգնել անկախ հայկական պետականությունն իր պատմական հայրենիքում եւ ամբողջ աշխարհի հայերի միավորումը:

Հայ դատն ունի հետեւյալ ասպեկտները` քաղաքական, տարածքային, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական, ազգագրական, իրավաբանական, գիտական, պատմամշակութաբանական, բարոյահոգեբանական:

Հայ դատի ամենահայտնի բաղադրիչն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից:

Հայ դատի բաժանմունքներ կան աշխարհի բոլոր հայկական համայնքներում: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավարն է Կիրո Մանոյանը: