5 փետրվարի 2010 - 16:27 AMT
Պատերազմի վերսկսման վերաբերյալ Ադրբեջանի հիստերիան տեղին չէ


«Ադրբեջանի կողմից շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը տեսականորեն չի բացառվում, բայց չեմ կարծում, թե դա կպատահի»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Շահբազյանի խոսքով, նոր պատերազմը նման չի լինի 1990-ականների սկզբի պատերազմին, քանի որ երկու երկրների բանակների պատրաստվածությունն ու զինվածության աստիճանն այլ է: «Ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո կողմերը մեծ մարդկային կորուստներ կկրեն, ինչը մեծ քանակությամբ փախստականների առաջացման պատճառ կդառնա»,- նկատեց նա:

ՀՅԴ խմբակցության քարտուղարն ավելացրեց, որ պատերազմի վերսկսման վերաբերյալ Ադրբեջանի հիստերիան տեղին չէ, քանի որ 2008 թվականի մարտի սկզբին արդեն անհաջող փորձ է կատարվել, որի արդյունքում Ադրբեջանի բանակը զգալի կորուստներ կրեց:

2008 թվականի մարտի 3-4-ին ադրբեջանական ջոկատները փորձեցին ճեղքել ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտպանությունը: ԼՂՀ ՊԲ կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում ադրբեջանական կողմն ավելի քան 20 մարդ կորցրեց:

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: