5 փետրվարի 2010 - 15:29 AMT
Արարատբանկը ներկայացրեց երկակի կիրառման DUAL նոր պլաստիկ քարտը


Արարատբանկը ներկայացրեց Արարատբանկի Mifare տեխնոլոգիայով նոր DUAL քարտը եւ Արարատբանկի նոր քարտային ծրագիրը:

Բանկի վարչության նախագահ, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի խոսքով, Արարատբանկի նոր CLASSIC-M- քարտը երկակի կիրառման (DUAL) քարտ է, որում համադրված են ԱՐՔԱ համակարգի վճարային բանկային քարտի եւ Երեւանի Մետրոպոլիտենում ուղեւորությունների համար վճարումներ կատարելու միջոց հանդիսացող Mifare /առանց կոնտակտի/ տեխնոլոգիայով քարտի բոլոր հնարավորությունները:

Որպես բանկային քարտ CLASSIC-M-ով Արարատբանկի հաճախորդները կարող են ընդգրկվել Արարատբանկի աշխատավարձային ծրագրերում, օգտվել Արարատբանկի վարկային գծերից, ստանալ կրթաթոշակներ, ցանկացած գումարի փոխանցում իրենց քարտային հաշվին, արագ եւ անվտանգ վճարումներ կատարել ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների դիմաց խանութներում, սուպերմարկետներում, ԱՐՔԱ վճարային համակարգի բազմաթիվ սպասարկման կետերում, կանխիկացնել իրենց քարտային հաշվում առկա գումարը, օգտվել Արարատբանկի զեղչային ցանցից եւ բոնուսային ծրագրերից:

Անդրադառնալով CLASSIC-M-ին որպես ուղեւորությունների համար վճարամիջոց, Արարատբանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Գրիգոր Ցոլակյանը նշեց, որ դա ժամանակակից Mifare /առանց կոնտակտի/ տեխնոլոգիայի վրա հիմնված քարտ է: Այն նախապես համալրելով (լիցքավորելով) որոշակի գումարով, Արարատբանկի հաճախորդները կարող են վճարել իրենց ուղեւորության դիմաց Երեւանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է քարտը մոտեցնել համապատասխան սարքին: Եթե սպառվել է քարտային հաշվի գումարը, CLASSIC-M-ը վայրկենապես հնարավոր է լիցքավորել ինչպես Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այնպես էլ Արարատբանկի ցանկացած մասնաճյուղում:Նշվեց նաեւ, որ Արարատբանկի CLASSIC-M-ը հաճախորդներին կտրամադրվի Երեւանի մետրոպոլիտենի համակարգում վճարումներ կատարելու համար արդեն իսկ ակտիվացված եւ 6 անվճար ուղեւորության հնարավորությամբ:

Արարատբանկը ձեւավորվել է Հայաստանի ֆինանսական շուկայում 1991թ. գործող «Արմսվյազբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետոմսերի շուրջ 74 տոկոսը ներկայումս պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որը գործում է մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում, իսկ 25 տոկոսը` Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին:

Վարկային պորտֆելը կազմում է 16,175 մլրդ դրամ, աճը 2008թ. համեմատ կազմել է 33 տոկոս:

2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընդհանուր ակտիվները կազմում են 41,342 մլրդ դրամ, աճը, 2008թ. համեմատ կազմում է 11,342 մլրդ դրամ կամ 39,5 տոկոս: Պարտավորությունները կազմում են 33,494 մլրդ դրամ, աճը 2008թ. համեմատ կազմում է 11,406 մլրդ դրամ կամ 51,6 տոկոս: Ընդհանուր կապիտալը կազմում է 7,848 մլրդ դրամ, որը 2008 թ. համեմատ կավելանա 304 մլն դրամով կամ 4 տոկոսով: Մաքուր շահույթը կկազմի 580 մլն դրամ:

2009թ. ընթացքում Արարատբանկի հաճախորդների թիվն աճել է 35,5 հազարով կամ 106,9 տոկոսով` կազմելով 68,6 հազար: Պլաստիկ քարտերի քանակը ավելացել է 16,9 հազարով կամ 79,3 տոկոսով` կազմելով 38,2 հազար: