25 հունվարի 2010 - 20:03 AMT
Առանց բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության ղարաբաղյան կարգավորումը տեղից չի շարժվի


Հայտարարությունն այն մասին, որ նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությունը համաձայնեցված է, դրական գործոն է հանդիսանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Իհարկե, բանակցային գործընթացն արագ լուծումների չի հանգեցնի, սակայն պարզ է մի բան. Ադրբեջանը ստիպված կլինի հրաժարվել ռազմական ճարտասանությունից»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, մյուս կողմից հույս կա, որ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները Թուրքիային հնարավորություն կընձեռեն արագացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացը:

Անդրադառնալով հաղորդագրություններին այն մասին, որ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության հարցը` Սերգեյ Մինասյանը հայտնեց, որ դա վկայում է այն մասին, որ Մոսկվայի եւ Բաքվի գիտակցության մեջ հասունացել է այն գաղափարը, որ առանց բանակցություններին Ղարաբաղի մասնակցության ղարաբաղյան կարգավորման գործընթացն անիմաստ է»,- ասաց քաղաքագետը:

Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:

Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:

«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: