25 հունվարի 2010 - 21:11 AMT
Ադրբեջանի օմբուդսմենը ապատեղեկատվություն է տարածում


Հունվարի 25-ին Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «հայկական կողմի այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների Ինստիտուտին (EOI) չի համապատասխանում իրականությանը»: Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը եւ ս.թ-ի փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմենի հաստատության լեգիտիմությունը:

Նշված խնդրի կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ 2009թ-ի օգոստոսի 31-ին Եվրոպական օմբուդսմենների Ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների Պաշտպանի հաստատությանը շնորհվել է Եվրոպական օմբուդսմենների Ինստիտուտի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ, ասվում է ՀՀ օմբուդսմենի հաղորդագրության մեջ:

Ավելին, 2009թ-ի հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական օմբուդսմենի Ինստիտուտի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է Եվրոպական օմբուդսմենի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, եւ այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաեւ ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ` մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին:

Կարծում ենք ԼՂՀ օմբուդսմենի հաստատության այս միջազգային ճանաչումը եւ Եվրոպական Օմբուդսմենների Ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է եւ վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին:

EOI-ն օգտակար հասարակության համար միավորում է, որը անցկացնում է գիտական ուսումնասիրություններ մարդու իրավունքների պաշտպանության, օմբուդսմենների քաղաքացիական ազատությունների պաշտպանության եւ գործունեության ոլորտում:

1988 թ-ց գոյություն ունի «Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը»: Այսօր այդ միավորման անդամներն են Եվրոպայի օմբուդսմեններից շատերը, եւ անվանի գիտնականներ եւ այլ անձիք, որոնք հետաքրքրված են տվյալ թեմատիկայով: