25 հունվարի 2010 - 21:34 AMT
«Մարտի 1-ի» զոհերի հարազատներն սատարում են Զարուհի Փոստանջյանին


Հունվարի 25-ին` «Ժառանգություն» կուսակցության անդամները մասնակցել են «մարտի 1-ի» ոճրագործության զոհերի հարազատների` ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացրած բողոքի ակցիային:

«Մարտի 1-ի» զոհերի հարազատներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին` ընդդեմ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր անդամ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման:

Զոհերի հարազատներն իրենց բողոքի նամակն ու պահանջը փոխանցեցին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին, որտեղ պահանջում են վերականգնել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լիազորությունները ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:

2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը: