26 հունվարի 2010 - 12:52 AMT
Combined Endeavor 2010 զորվարժությունների նպատակն է անվտանգ միջավայր ստեղծել ամբողջ աշխարհում


Հունվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ Combined Endeavor 2010 զորվարժությունների կապի, հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախնական պլանավորման համաժողովը, որի կազմակերպիչն էր ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին կապի շուրջ 300 մասնագետներ, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր 34 երկրներից:

Համաժողովում հանդես եկավ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, որը կարեւորեց նման միջոցառման անցկացումը` նշելով, որ մասնակից երկրների մեծ քանակը ցույց է տալիս նրանց լուրջ վերաբերմունքը տարածաշրջանում կապի, հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենալայնածավալ զորավարժությունների հանդեպ:

Նազարյանը նշել է, որ զորավարժությունների նպատակն է նպաստել մասնակից երկրների տեղեկատվական համակարգերի զարգացմանն ու նրանց արդյունավետ ինտեգրմանը կոալիցիոն ուժերին: «Զորավարժությունների ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները հետագայում կկիրառվեն կոալիցիոն գործողությունների ժամանակ, որոնց նպատակն է անվտանգ միջավայր ստեղծել, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նազարյանն ասել է նաեւ, որ նման տիպի զորավարժությունների 16-ամյա պատմության ընթացքում Հայաստանը մասնկցել է ութին, իսկ 2006թ. ՀՀ տարածքում տեղի է ունեցել Combined Endeavor - 2006 զորավարժությունների հիմնական պլանավորման համաժողովը: «Զորավարժությունների ընթացքում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները հայկական զորակազմը կիրառել է Իրաքում, Կոսովոյում եւ Աֆղանստանում»,-ասել է նա: