5 փետրվարի 2010 - 13:42 AMT
Հովհաննես Իգիթյան. ԵԽԽՎ-ն ճնշում չի գործադրում Հայաստանի հանդեպ


Անիմաստ է ասել, թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ճնշում է գործադրում Հայաստանի հանդեպ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա, Հայաստանին ոչ ոք չի ստիպել անդամակցել Վեհաժողովին եւ նա ցանկացած պահի կարող է դուրս գալ ԵԽԽՎ-ից: «Ոչ ոք մեզ բռնի ուժով այնտեղ չի պահում»,-ասել է Իգիթյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ «Վեհաժողովն մեզ առաջարկում է այն, ինչ մենք ինքներս ենք ցանկանում մեր երկրի համար, այսինքն, նորմալ ընտրությունների անցկացում, խոսքի ազատություն, ժողովրդավարություն: ԵԽԽՎ անդամ երկրների նպատակն է ստեղծել այն, ինչ երկրում չկա, ոչ թե պաշտպանել սեփական երկրների շահերը»,-ասել է Իգիթյանը:

«Հարց է ծագում, ինչու ԵԽԽՎ-ն շեշտը դրեց հենց մարտի 1-ի իրադարձությունների վրա եւ ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդքան ընդդիմանում դրան»,-ասել է Իգիթյանը: Ըստ նրա, դա իրադարձությունների շղթայական կապ է: «Եթե բացահայտվեն մարտի 1-ի իրադարձությունների պատճառները, Վեհաժողովում հարց կառաջանա, թե ով էր կազմակերպիչը»,-ադել է Իգիթյանը` հավելելով, որ այն ժամանակ պարզ կդառնա, որ իրականում նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, եւ որ վկաների ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: «Հենց դրանից են փորձում խուսափել մեր իշխանությունները»,-ասել է Իգիթյանը:

Հայոց համազգային շարժում Հայաստանի հասարակական քաղաքական կազմակերպություն է, լիբերալ-ժողովրդավարական կողմնորոշմամբ: 1991-1998 թ-ին իշխող կուսակցություն էր: 1990 թ-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին կուսակցությունը ստացել է ձայների 36%: Առաջնորդներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Տեր Հուսիկ Լազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վանո Սիրադեղյանը եւ Արարատ Զուրաբյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է: ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:

Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:

Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Մովլուդ Չավուշօղլու, Թուրքիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է: