ԱՄՆ-ն կշարունակի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net -
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին Երեւանում հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:



Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ն բարձր է գնահատում տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, եւ մենք պատրաստ ենք շարունակել մեր օժանդակությունն այդ գործընթացին»,- ասաց Սթայնբերգը` ավելացնելով, որ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը դրական քայլ է գործընթացի շարունակման համար:



Հայաստանի նախագահն իր հերթին ողջունեց ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը տարածաշրջանում:



«Անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առեւտրային հինգերորդ գործընկերը եւ երրորդը` արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, ինչը եւս պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:



Ջեյմս Սթայնբերգի խոսքով, փոխպետքարտուղար դառնալուց ի վեր սա իր երկրորդ այցն է Հայաստան: Նա ՀՀ նախագահին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ջերմ ողջույնները եւ վերահաստատել ամերիկյան կողմի «պատրաստակամությունն ու ցանկությունը` շարունակելու աշխատել եւ երկկողմ, եւ բազմակողմ հարցերի, այդ թվում նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ»:



ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալին Հայաստան կատարած այցի ընթացքում ուղեկցում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---