26 հունվարի 2010 - 14:59 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը


Հայ-թուրքական կարգավորումը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: Այդ համատեքստում Հակոբյանն հատկապես առանձնացրել է մեկ հանգամանք, որը անհասկանալի է մնում իր համար բանակցային գործընթացում: «Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանը փակելու պատճառը Ղարաբաղն է, եւ որ սահմանը կբացվի միայն այն դեպքում, եթե հայկական զորքերը լքեն այդ տարածքները: Հարց է ծագում, եթե ՀՀ իշխանությունները պատրաստ են ղարաբաղյան կարգավորմանը եւ ընդունել են Մադրիդյան սկզբունքները, ստորագրել են համապատասխան փաստաթղթեր, ապա մեր ինչին է հարկավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,-ասել է Հակոբյանը` հավելելով, որ, համաձայնվելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը ոչինչ ձեռք չի բերել, միայն կորցրել է:

«Որքան շուտ Երեւանը դուրս գա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, այնքան լավ: Առավել եւս, որ Թուրքիան ամեն օր պատրվակ է որոնում այդ գործընթացը ձգձգելու կամ ձախողելու համար»,-ասել է Հակոբյանը` հավելելով, որ Երեւանը բավականաչափ պատրվակներ ունի, այս գործընթացից դուրս գալու համար: Ըստ նրա, եթե Ղարաբաղի հարցը լուծվի, հայ-թուրքական սահմանն ինքնաբերաբար կլուծվի: «Այդ ժամանակ Ադրբեջանն ինքը կխնդրի, որ սահմանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բացվի»,-նշել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ չնայած այս ամենին, Արձանագրությունները թեեւ ուշացումով, վերջնական լուծում կստանան:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: