26 հունվարի 2010 - 05:46 AMT
Այսօր հայկական բանակն ավելի ուժեղ է, քան Ղարաբաղյան պատերազմի ժամանակ


Հայաստանը գտնվում է հրադադարի պայմաններում, եւ հայկական բանակը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: Հայաստանի զինված ուժերի 18-ամյակի նախաշեմին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքերի համաձայն, վերջին տարիներին Հայաստանի խորհրդարանն ընդունել է զորակոչի կատարելագործման եւ ՀՀ ԶՈՒ այլ հարցերի վերաբերյալ մի շարք օրենսդրական փաստաթղթեր: Չնայած դրան, հանձնաժողովի նախագահի խոսքերի համաձայն, դեռ շատ չլուծված հարցեր կան: «Շատ խնդիրներ կան զորակոչի հետ կապված: 90-ականների սկզբին մոտ մեկ մլն մարդ լքեց հայրենիքը, եւ այդ տարիներին 40 հազ. ավելի քիչ երեխա ծնվեց, ինչն էլ այսօր զորակոչի ժամանակ դժվարություններ է ստեղծում: Այդ խնդիրը դեռ մնում է արդիական, սակայն լուծում է գտնում պայմանագրային ծառայության միջոցով», - ասել է Հրայր Կարապետյանը:
Հանձնաժողովի նախագահն ասել է, որ պայմանագրային ծառայության ծրագրում առանձահատուկ ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը, ինչի շնորհիվ լուծվում է նաեւ գործազրկության հարցը: «Պայմանագրային ծառայողների տարիքային ցենզը մեծանում է: Հիմա մինչեւ 50 տարեկան տղամարդիկ կարող են պայմանագրային զինվորական լինել», - ասել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը:

Հրայր Կարապետյանը նաեւ հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ խորհրդարանական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հարցը: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստում է այդ հարցի վերաբերյալ փոփոխությունների ծրար:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդամները Հայաստանի զորամասերում անցկացնում են արտահերթ ստուգումներ: «Մենք դեռ շատ աշխատանք ունենք: Անհրաժեշտ է պաշտպանության բնագավառում իրավական հիմքերն ապահովել, լրացնել օրենսդրական բացթողումները, բարելավել բանակի բարոյահոգեբանական վիճակը, ապահովել մեր զինվորների գրագիտությունը, ձեւավորել արհեստավարժ բանակ», - ասել է հանձնաժողովի նախագահը:

Բանախոսն ավելացրել է, որ այսօր հայկական բանակն ավելի ուժեղ է, քան Ղարաբաղյան պատերազմի տարիներին, եւ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ագրեսիայի դեպքում արժանի եւ ուժգին հակահարված կստանա:

Հայկական բանակ, ստեղծվել է 1992-ի հունվարի 28-ին: Բանակի մեջ պարունակվում է բազմատեսակի տանկեր եւ զրահամեքենաներ:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց ,Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասինե պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը եւ հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Բանակաստեղծման առումով 1992-ը բացառիկ արդյունավետ եղավ. ամրագրվեց անհրաժեշտ իրավական դաշտը,
ձեւավորվեցին ղեկավարման օղակները, առաջին հերթին` Գլխավոր Շտաբը, ստեղծվեցին թիկունքի եւ սպառազինության ծառայությունները, հիմնադրվեցին զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը,
մշակվեցին խմբավորումների, զորամասերի մարտական կազմերը եւ կառուցվածքները, դրվեց զորատեսակների եւ ծառայությունների ձեւավորման սկիզբը, անցկացվեց առաջին զորակոչը, կազմավորվեցին առաջին սահմանապահ զորամասերը` մոտոհրաձգայինների վերափոխման հեռանկարով, ծավալվեցին զորամասերի ստորաբաժանումները` դասակները, վաշտերը, գումարտակները, սկսվեց անձնակազմի մարտական ներդաշնակման ու մարտական պատրաստության գործընթացը:

Այս ամենին զուգահեռ թեթեւ մարտական գործողությունները սահմանի երկայնքով արդեն վերաճել էին իսկական պատերազմի` իրենց ահագնացող ծավալներով: Պատերազմական տարին մեզ համար սկսվեց բավականին հաջող: 92-ի մայիսին, հիմնականում ավարտելով Ղարաբաղի ներսում ադրբեջանական կրակակետերի ոչնչացումը, ինքնապաշտպանական ուժերը ծրագրեցին եւ փայլուն կերպով իրականացրեցին Շուշիի ազատագրման օպերացիան` կերտելով մեր նորօրյա ռազմական տարեգրության ամենափառահեղ էջերից մեկը: Դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Ստեփանակերտը փրկեցին ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինչպես նաեւ ցամաքային ճանապարհ հարթեցին դեպի Հայաստան: Մի քանի օր անց ինքնապաշտպանական ուժերը գրավեցին նաեւ Լաչինը` լռեցնելով Ջանհասանի, Քյոսալարի եւ մի շարք այլ կրակակետեր: Հայաստանի հետ ցամաքային կապն այլեւս վերագտնված էր, հակառակորդը նահանջել էր եւ շատ հեռու էր: