4 փետրվարի 2010 - 15:15 AMT
Հունաստանում նշել են Հայաստանի Զինված ուժերի 18-րդ տարեդարձը


Փետրվարի 2-ին, Աթենքում, Հունաստանում ՀՀ Ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի նախաձեռնությամբ, հանդիսավորապես նշվեց Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը:

ՀՀ Դեսպան Գագիկ Ղալաչյանի եւ Ռազմական կցորդ Սամվել Ռամազյանի հրավերով պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ ու Ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ սպաներ, Հունահայոց հոգեւոր դասը, հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ, ներկա էր նաեւ Հունաստանում Թուրքիայի ռազմական փոխկցորդը:

Գնդապետ Ռամազյանը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանագրով «Ծովակալ Իսակով»-ի եւ «Մարշալ Բաղրամյանի» շքանշաններով պարգեւադրեց հույն բարձրաստիճան զինվորականներ` Հունաստանի հատուկ զորքերի հրամանատար Գեներալ Մայոր Թեոկլիդոս Ռուսակիսին, ռազմածովային ուժերի կապիտան եւ Հայաստանում նախկին ռազմական կցորդ` Գեորգիոս Ռիղանակոսին, պահեստային Գեներալ Լետենանդ ու Հայաստանում Հունաստանի նախկին ռազմական կցորդ` Խրիստոս Լեվտերիոտիսին, ազգային պաշտպանության գլխավոր շտապի ռազմակրթական վարչության պետ` բրիգադի Գեներալ Ադամ Թոմաիդիսին, եւ Գնդապետ Լեոնիդաս Պապագեորգիուին:

Պաշտոնական արարողությանը հաջորդեց համերգը, որտեղ կատարվեցին հայկական ազատագրական երգեր:



Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին:

1992թ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: 1992թ. հուլիսից Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի անդամ է: Պայմանագրով սահմանափակում է մտցվում սովորական սպառազինութայն այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են տանկերը, հրետանին, զրահատեխնիկան, մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, եւ նախատեսում է սահմանափակել զորքերի քանակը:

1991թ-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը: